Դեսպան Ապիտոնյանն այցելել է Շվեդիայի Վեստրա-Յոտալանդ նահանգ
ЭкономикаՀոկտեմբերի 1-2-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այց է կատարել Վեստրա-Յոտալանդ նահանգ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է ունեցել Վեստրա-Յոտալանդի նորանշանակ նահանգապետ Անդերս Դանիելսոնի և Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյոտեբորգի քաղաքային խորհրդի նախագահ Լենա Մալմի հետ։ Հանդիպումների ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություները։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խթանման հարցեր։
Դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպել է նաև Գյոտեբորգի հայ համայնքի անդամներին, նրանց ներկայացրել Հայաստանում քաղաքական իրավիճակը և տնտեսական զարգացման հեռանկարները, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներում վերջին զարգացումները: Համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է Հայաստանի և Շվեդիայի միջև տնտեսական համագործակցության խթանման գործում նրանց ներգրավվածության ավելացման հնարավորությունը։
Հոկտեմբերի 1-ին այցի շրջանակներում դեսպան Ապիտոնյանը մասնակցել է Գյոտեբորգի գրքի ցուցահանդեսին, որն իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում։ Ցուցահանդեսի «Միջազգային հրապարակ» ծրագրում դեսպանը հանդես է եկել ելույթով՝ «Վիննետ Հայաստան» և «Վիննետ Շվեդիա» կազմակերպությունների կողմից կազմակերպված «Խրախուսելով գենդերային հավասարությունը հանուն կայուն զարգացման» խորագրով սեմինարին։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության ոլորտում առկա մարտահրավերները, կառավարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։