Հայաստանը և Չեխիան քայլեր են իրականացնում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ
ЭкономикаՀայ-չեխական համագործակցության դրական փոփոխություններ են ակնկալվում էներգետիկ ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ՏՏ ոլորտներում: Քայլեր կիրականացվեն երկու երկրների առևտրաշրջանառությունը բարձրացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին հայ-չեխական գործարար համաժողովում այս մասին փաստեցին երկու կողմերի ներկայացուցիչները:
«Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ԵՄ-ի հետ ունի GSP+ ռեժիմ, որը հնարավորություն է տալիս զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները: Իսկ դրա ապացույցն այն է, որ այս տարի ունենք ապրանքաշրջանառության 60 տոկոս աճ: Բազմաթիվ հայկական ընկերություններ են աշխատում Չեխիայում և բազմաթիվ չեխականներ՝ Հայաստանում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը և հավելեց, որ նման ցուցանիշը փաստում է այն մասին, որ կարելի է լինել ԵԱՏՄ անդամ և միաժամանակ զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:
«Քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Չեխիայի միջև դրական է զարգանում: Դա մեր տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների գլխավոր նպատակն է: Մեր համագործակցության և փոխադարձ առևտրի ոլորտներն են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը: Եվ, կարծում եմ, այս համաժողովի շնորհիվ այդ ոլորտներում դրական փոփոխություններ կլինեն: Մեր պատվիրակությունում են տարբեր ոլորտների չեխ գործարարներ,և, հուսով եմ, նրանց կհաջողվի հայ գործընկերների հետ սերտ հարաբերություններ հաստատել»,-ասաց Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխը:
Նրա խոսքով՝ Չեխիայի մակրոտնտեսական տվյալները վերջին տարիներին բավականին դրական են եղել, հետևաբար Հայաստանի հետ մեր համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրված: Շտեխը նաև հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան, երբ Հայաստանը նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրի համագործակցության պայմանագիր:
Չեխիայի արդյունաբերական կոնֆեդերացիայի նախագահ Յարոսլավ Հանակի խոսքով՝ առաջին քայլը պետք է լինի երկու երկրների առևտրաշրջանառությունը ավելացնելը: «Մեզ հետ ժամանել են IT տեխնոլոգիաների, էներգետիկայի, տրանսպորտի, սննդարդյունաբերության և շատ այլ ոլորտների կազմակերպություններ, որոնք կփորձեն հարաբերություններ հաստատել հայ գործընկերների հետ: Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո մենք կունենանք նոր պայմանագրեր»,- եզրափակեց Հանակը:
Համաժողովը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ համագործակցությամբ: