ՊԵԿ-ն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի երկու արմատական փոփոխություն
ЭкономикаՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որոնցով բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում:
Լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ գործունեության 9 ամիսների արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
«Մի դեպքում՝ մեքենասարքավորումների և հումքի ներմուծումը սահմանին ազատվում է ԱԱՀ-ի վճարումից: Մյուս դեպքում՝ արտահանողներից բացի ԱԱՀ-ն վերադարձվելու է նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին»,-ասաց նա:
Վարդան Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ընդունվել են հարկային համաներում նախատեսող օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում:
«Փաստացի չգործող և հաշվարկներ չներկայացրած հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն է ընձեռվել, որը թույլ կտա հստակեցնել գործող հարկ վճարողների շրջանակը ու հարկային մարմնի տեղեկատվական բազան: Ինչպես նաեւ, «Հարկատու-3» համակարգում ներդրվել է «Դրամարկղային գիրք» ենթահամակարգը: Հարկ վճարողը կարող է կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցում իրականացնել հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա»,-նշեց ՊԵԿ-ի նախագահը՝ հավելելով, որ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային համակարգի ներդրման շրջանակում հարկ վճարողներին հնարավորություն է տրվել այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակով: