Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչը խոսեց Լեհաստանի հետ առաջիկա հանդիպման մասին
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով իր ֆուտբոլիստները մոտիվացիայի կարիք չունեն, նրանք արդեն մոտիվացված են:
«Մեր խնդիրների մասին մենք ամեն ինչ գիտենք, խնդիրներն այն ֆուտբոլիստներն են, ովքեր բացակայում են: Փորձելու ենք իրենց բացը լրացնել և այն տղաները, ովքեր հնարավորություն կստանան խաղալու, պետք է օգտագործեն այն: Տղաներին մոտիվացնելու կարիք չկա: Մենք այն հավաքականը չենք, որը շատ հաղթանակներ է տոնում: Ամեն մի հաղթանակ, դա արդեն դրական էմոցիաներ են:
Տղաներն արդեն մոտիվացված են: Նրանք բոլորը հասկանում են, թե ինչ է հաղթանակը մեզ համար՝ մենք կարոտ ենք հաղթանակների»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:
Խոսելով տակտիկական որոշումների մասին՝ Պետրոսյանը շեշտեց, որ ինքը նախընտրում է խաղալ 4 պաշտպանով, սակայն ամեն ինչ կապված է հակառակորդից:
«Լևանդովսկուն վերահսկելը շատ դժվար է: Բայց, եթե մենք ուզում ենք դրական արդյունքի հասել, ապա պետք է կասեցնենք նրան: Միայն փոխօգնությունը կօգնի այս դեպքում»,-ասաց Պետրոսյանը:
Անդրադառնալով հավաքականում մնալու հնարավորությանը՝ մասնագետը փաստեց. «Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում են առաջիկա երկու խաղերը: Վերջնական որոշում կկայացնեմ, միայն դրանից հետո: Այս պահին ոչ մի որոշում չունեմ կայացրած»:
Պետրոսյանի կարծիքով` հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից Գեղամ Կադիմյանը նոր խաղացող չէ թիմի համար: Նա վերջին շրջանում գոլերի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: