Քաղաքապետարանն ավստրիական ընկերության հետ քննարկում է Երևանում նոր ճոպանուղու կառուցման հարցը
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպումից հետո ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական հանդիպում-քննարկում է ունեցել փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակվել ճոպանուղիների կառուցման գործընթացի, ինչպես նաև դրանց հետագա գործարկման ու շահագործման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ Վալերի Յաշինը նշել է, որ 1883թ. հիմնադրված ընկերությունը աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում կառուցել է 14600 ճոպանուղի:
«Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարը նաև հատկանշել է, որ ճոպանուղու երթերի ճիշտ ուղղության ընտրությունը դեպի ճոպանուղի կներգրավի զբոսաշրջային հոսքեր: Միաժամանակ, հաշվի առնելով Երևանի տեղանքը և ճանապարհային խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը, մասնագետների հավաստմամբ, կարող է նաև որոշակի արդյունավետ լուծումներ ապահովել ինչպես տրանսպորտային փոխադրումերի, այնպես էլ խիտ երթևեկության բեռնաթափման գործում:
Բարձր գնահատելով միջազգային ընկերության բազմամյա փորձն ու Երևանում նոր ճոպանուղի կառուցելու հարցում ցուցաբերած հետաքրքրությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն իր հերթին նշել է, որ սա իսկապես կարևոր ներդրում և լուծում կարող է լինել մայրաքաղաքի օրեցօր մեծացող տրանսպորտային հոսքերի բեռնաթափման առումով:
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս վերահաստատվել է առաջիկայում համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի շրջանակում էլ կիրականացվի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն: