ՍԱՊԾ տարածքային ստորաբաժանումները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրման համար
ОбществоՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Հովհաննես Սահակյանի մարզային այցելությունների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզում: Ծառայության պետին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցելության առաջին կանգառը մարզպետարանն էր, որտեղ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածքային բաժինների պետերի հետ:
Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ պետն անդրադարձել է այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք ծառացել են ծառայության առջև՝ շեշտը դնելով անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի վրա:
Հովհաննես Սահակյանը ընդգծել է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժերին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, ոչ հավաստի տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար:
Աշխատանքային քննարկումից հետո Ծառայության պետը, Գեղարքունիքի մարզպետը և Գավառի քաղաքապետը միասին այցելել են Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժին: Շրջայցի ընթացքում Հովհաննես Սահակյանը ծանոթացել է շենքային պայմաններին և համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, որից հետո տվել է համապատասխան հանձնարարականներ շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Այցի շրջանակում Հովհաննես Սահակյանը հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ և լսել նրանց մտահոգությունները: Գավառցիներին հուզող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ, իսկ Ծառայության լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:
Մարզային այցի ընթացքում Սահակյանն այցելել է նաև Մարտունու, Վարդենիսի և Սևանի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ, որտեղ ևս կատարվել է քաղաքացիների ընդունելություն, քննարկվել են մի շարք խնդիրներ և տրվել համապատասխան հանձնարարականներ, որոնց սեղմ ժամկետներում կատարումը գտնվելու է Ծառայության պետի անմիջական հսկողության ներքո: