ԵԱՏՄ անդամ երկրները մինչև 2025 թ. կարող են ապահովել 20% տնտեսական աճ
ЭкономикаԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր մինչև 2025 թ. կարող է ապահովել 20 % տնտեսական աճ:Հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանն այս մասին ասաց հանդիպումը համակարգող Տիգրան Սարգսյանը:
«Այսօր քննարկվող թեմաները շատ ակտուալ են և կապված են գլոբալ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում աշխարհում: Մենք մի երկրի հետ պետք է հարմարվենք այդ փոփոխություններին, մեկ այլ երկրի հետ նայենք դեպի առաջ: Այսօրվա քննարկումները կտան շատ հարցերի պատասխաններ»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պատահական չէր, որ ԵԱՏՄ երկրների հինգ նախագահները հրահանգ էին տվել նախորդ տարվա դեկտեմբերին՝ աշխատել թվային ոլորտի զարգացման ուղղություններով Եվրասիական միությունում: «Հոկտեմբերի 11-ին Սոչիում քննարկում էինք հենց այդ հարցը: Այսօր ևս մասնակից երկրները ուշադրության կենտրոնում կպահեն այդ թեման»,-ասաց Սարգսյանը:
Կարևորվեց նաև ազատ առևտրի զարգացումը ԵԱՏՄ շրջանակում, ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը, համատեղ արտադրությունների հիմնումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս կարևորեց համաժողովի անցկացումը:
«Կարծում եմ՝ այս հարթակում կքննարկվեն խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև հեռանկարները: Որպես Հայաստանի վարչապետ՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել նաև այն հնարավորությունների վրա, որ առկա են Հայաստանում: Հայաստանն իր բարեկամների համար կարող է դիտարկվել ոչ միայն ներքին շուկա, այլ նաև որպես լավ հարթակ զարգացնելու հարաբերությունները մեր հարևան Իրանի հետ: Մենք ավարտում ենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման աշխատանքները և իրանական կողմի հետ պայմանավորվում ենք սահմանային հատուկ ռեժիմի համար»,-ասաց վարչապետը:
Վարչապետը հաստատեց, որ ԵԱՏՄ երկրների հարաբերություններում տնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Սակայն համագործակցության պոտենցիալն ավելին է, որը չի օգտագործվել: