Սիրիայում Հայաստանի դեսպանը Հալեպում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
КультураՍիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 4-ից 7-ը այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հոկտեմբերի 4-ին Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվեցին հալեպահայ համայնքի և Հալեպի նահանգային իշխանություների հետ համագործակցության խորացման հնարավորությունները:
Հանդիպումից հետո դեսպան Փոլադյանը գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելեց հյուպատոսության հիմնական շենք և ծանոթացավ շենքի ընդհանուր վիճակին՝ ուսումնասիրելով հյուպատոսության աշխատանքները հիմնական շենքում վերսկսելու հնարավորությունը (2012թ.-ին զինյալների հարձակման պատճառով հյուպատոսությունը տեղափոխվել է ավելի ապահով հայաբնակ թաղամաս):
Հոկտեմբերի 5-ին դեսպան Փոլադյանը հանդիպեց Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ, որի ընթացքում նահանգապետն ամփոփ ներկայացրեց Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում կրած նյութական վնասները, այն թվում՝ տնտեսության, արտադրության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների և ծառայությունների այլ ոլորտներում ներկա իրավիճակը:
Հուսեյն Դիաբն անդրադարձավ նաև քաղաքի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Զրուցակիցները քննարկեցին այդ նախագծերին Հայաստանի մասնակցության, ինչպես նաև երկկողմ համագործակցության աշխուժացման հեռանկարները:
Նահանգապետը կարևորեց Հալեպի հայ համայնքի դերը քաղաքի տնտեսական, մշակութային և հասարակական կյանքում՝ վստահություն հայտնելով, որ հալեպահայությունն իր մեծ ներդրում կունենա քաղաքի վերականգնման և խաղաղ կյանքին վերադառնալու գործում: Նահանգապետը շատ բարձր գնահատեց Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը լավագույնս դրսևորվել է Հալեպում շրջափակման օրերին ՀՀ գլխավոր հյուպատոսության անխափան գործունեությամբ:
Նույն օրը Հալեպի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու սրահում կայացավ դեսպան Փոլադյանի հանդիպումը Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հոգևոր առաջնորնդեր, հալեպահայ համային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային ականավոր գործիչներ:
Հալեպահայերին ուղղված իր խոսքում դեսպանը նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում կայացրեց Սիրիայում պահել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հնարավորության սահմաններում զորավիգ լինել սիրիահայությանը: Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է ուշադրության կետրոնում պահել հայության խնդիրները և գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: Ելույթի ավարտին դեսպանը հալեպահայ համայնքին ներկայացրեց Հալեպում նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանին:
Միջոցառման ընթացքում Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը դեսպան Փոլադյանին հանձնեց Բերիո թեմի «Ծառայության» շքանշանն՝ ի նշան սիրիահայության երախտագիտության դեսպանի երկարամյա արգասաբեր ծառայության:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցավ դեսպան Փոլադյանի՝ հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ վերջերս լույս տեսած՝ «Հայ-սիրիական հարաբերություններ՝ պատմական գործընկերություն» խորագրով արաբերեն մենագրության շնորհանդեսը:
Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Հալեպի հայկական հոգևոր, մշակությաին, կրթական հաստատություններ՝ այդ թվում Քառասուն Մանկաց և Սուրբ Գևորգ եկեղեցիներ, Կարեն Եփփե ճեմարան, Սիրիայի Օգնության խաչի բժշկական կենտրոն: