9 ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների ցուցանիշն աճել է
Экономика2018 թվականին Հայաստանի 18 խոշորացված համայնքներն իրենց բյուջեները պետք է կազմեն ծրագրային մեխանիզմով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Պետք է կազմեն համապատասխան ծրագիրը, որտեղ պետք է ֆիքսեն այն չափելի ցուցանիշները, որոնցով տարվա վերջում իրենք իրենց գործունեությունը պետք է հստակեցնեն և նոր համապատասխան պահանջարկ ներկայացնեն»,- ասաց Դավիթ Լոքյանը։
Նախարարությունը 2018-ից անցնելու է համայնքների սուբվենցիաների տրամադրման նոր կարգի, որն արդեն պատրաստ է։
«2018-ից համայնքներին առաջարկելու ենք աշխատել հետևյալ տարբերակով՝ առաջարկում ենք համայնքին իր ֆոնդային բյուջե դնել որոշակի գումար և պետության կողմից ստանալ կրկնապատիկը։ Համայնքը մարզպետարանի միջոցով պետք է ներկայացնի իր ծրագիրը, իսկ ՏԿԶՆ-ն էլ այն կներկայացնի կառավարություն։ Արդյունքում կստացվի համապատասխան բյուջետավորում և համայնքը կիրականացնի տվյալ ծրագիրը։ Մենք պատրաստվում ենք 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին, եթե համայնքը նույն չափով մասնակից լինի ծրագրին»,- նշեց նախարարը։
Լոքյանն ասաց, որ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների ցուցանիշը 2016 թվականի համեմատությամբ աճել է 2,161 մլրդ դրամով։ Հողի հարկն աճել է 206.1 մլն դրամով, գույքահարկը՝ 651.1 մլն դրամով, տեղական տուրքերը՝ 269.8 մլն դրամով, վարձակալության եկամուտները՝ 307.5 մլն դրամով, տեղական վճարները՝ 620.0 մլն դրամով:
«Այս տարվա ընթացքում Երևանից բացի, մնացած համայնքները միասին հավաքագրել են 2 մլրդ դրամ գումար, տարեվերջին ակնկալվում է, որ այս գումարը կհասնի 3 մլրդ-ի: Մենք Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում՝ համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացման համար, և մոտ 54 մլն դոլար էլ՝ ՓՄՁ-ների զարգացման համար»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը: