Ռուսական բասկետբոլային ակումբի ամերիկացի մարզուհիներին թույլ չեն տվել մտնել Թուրքիա
СпортԹուրքական «Ֆեներբահչե» և ռուսական «Նադեժդա» կանանց բասկետբոլային ակումբների հանդիպմանը մասնակցելու նպատակով Թուրքիա ուղևորվող երկու ամերիկացի մարզուհի չի կարողացել մուտք գործել երկիր՝ Թուրքիայի կողմից մուտքի վիզա չստանալու պատճառով:
Ռուսական ակումբի անդամ ամերիկուհիները՝ Էմմա Քենոնն ու Բրիոնե Ջոնսը, ստիպված են եղել չմասնակցել հանդիպմանը, գրում է CNN Turk-ը:
Հայտնի է, որ ռուսական ակումբի նախագահ Օլեգ Խրամկինը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել կատարվածի առնչությամբ և թուրքական կողմի որոշումը որակել սկանդալային:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
Անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: