Դիվերսանտը հայ ազգին թշնամի չի համարում, բայց լռում է, թե ինչու է զինված մտել հայկական տարածք
Ստեփանակերտում' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, վերսկսված՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը և դատախազ Կարեն Գաբրիելյանը շարունակել են ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի հարցաքննությունը: Ինչպես փոխանցում է «Արցախպրես»-ը, այսօրվա դատավարության ընթացքում ամբաստանյալներ Շ. Գուլիևը և Դ. Ասկերովը շարունակել են հակասական ցուցմունքներ տալ միմյանց առնչվող դեպքերի վերաբերյալ:
Իր ցուցմունքում Գուլիևը նույնիսկ նշել է, որ հայ ազգին թշնամի չի համարում։ Դատախազ Գաբրիելյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ԼՂՀ տարածք մտել զինված և երեխայի վրա բռնություն գործադրելով կյանքից նրան զրկել, Գուլիևը պատասխանել է, որ նա երեխայի սպանության հարցում մեղավոր չէ և նրան նորմալ է վերաբերվել, ավելին, ըստ Գուլիևի, երեխան նրանց հյուրասիրել էր:
Զենքերը վերցնելու շարժառիթի վերաբերյալ Գուլիևը հստակ պատասխան չտվեց:
Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլիԳուլիեւը(ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործելՇահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:
Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին' ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:
Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են: