Միացյալ Թագավորությունն ակնկալում է վավերացված տեսնել հայ-թուրքական արձանագրությունները
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն ակնկալում է վավերացված տեսնել հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի՝ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: «Հավատում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է կատարվեն առանց հետաձգման: Հիանալի էր, որ նախարար Նալբանդյանը մասնակցեց Թուրքիայի նախագահի երդմնակալությանը: Հույս ունեմ, որ մենք երկկողմ հարաբերություններում բարելավում կտեսնենք, որը երկու կողմից ջանքեր է պահանջում. դրա համար նաև պետք է վավերացվեն սեղանի վրա եղած արձանագրությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Լիդինգթոնը:
1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: 2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: