Ստամբուլի փողոցներից մեկը կանվանակոչվի աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին
ОбществоԱշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին կանվանակոչվի Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկը, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ Ստամբուլի քաղաքապետարանն արդեն հաստատել է Բեյօղլու շրջանի Թոմթոմ թաղամասի Թոսբաղա փողոցի անունն Արա Գյուլերի պատվին կոչելու առաջարկը:
89-ամյա հայազգի լուսանկարիչը, որը հայտնի է նաև որպես «Ստամբուլի աչքը», մեծացել է հենց այդ նույն թաղամասում, իսկ այդ փողոցում գտնվում է Գյուլեր ընտանիքի արհեստանոցը:
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» նշում է, որ Ստամբուլի փողոցների անվանափոխությունների հարցում հիմնականում ոչ դրական վերաբերմունք դրսևորող քաղաքապետարանը Թոսբաղա փողոցի՝ Արա Գյուլերի պատվին անվանակոչելու որոշումը կայացրել է ձայների բացարձակ մեծամասնությամբ: