«Ռուսաց լեզվի հայեցակարգի» առեղծվածի բացահայտումը
ОбществоՄի քանի շաբաթ առաջ բուռն քննարկման առիթ էր դարձել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը». նախագիծ, որը թե' հասարակության ու թե' լրագրողների կողմից ընդունվեց մահակներով ու սրերով:
Նման արձագանքն առավել քան բնական էր ու սպասելի: Հայեցակարգի շուրջ եղան տարբեր ֆորմատներով քննարկումներ, հարցազրույցներ, անգամ Կրթության ու գիտության նախարարը հանդես եկավ ասուլիսով: Նա հայտարարեց, որ գործող վարչապետը որեւէ առնչություն չունի հայեցակարգի հետ: Խոսեց նաեւ Անահիտ Բախշյանը, ով ասաց, որ հայեցակարգը մշակվել է դեռ նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի օրոք:
Սակայն որոշ ժամանակ անց Աբրահամյանը հարցազրույցներից մեկում վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հրահանգ չի տվել:
Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին տեղեկանալով` նախկինում դեմքի լուրջ արտահայտությամբ արված խոսքերը Անահիտ Բաշխյանը հետ վերցրեց` պատճառաբանելով, թե ինքը առաջնորդվել է ԿԳ նախարարի հայտարարության տրամաբանությամբ, եթե Կարապետյանը չէ, ուրեմն Աբրահամյանն է…
Երկաթյա տրամաբանություն է, բայց, ինչեւէ…
Հասկանալու համար, թե, վերջիվերջո, որ վարչապետն է նախաձեռնել ժողովրդի աչքի գրողը դարձած հայեցակարգի մշակումը, ORER.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության ու գիտության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ հայեցակարգը հիմք է դրվել դեռ 1999թ.-ի սեպտեմբերի 16-ին կայացած ՀՀ Կառավարության նիստին` «Ռուսաց լեզվով Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում եւ մշակութային-հասարակական կյանքում» N48 արձանագրությամբ:
Այս չարաբաստիկ ծրագիրը, փաստորեն, հիմք էր դրվել դեռ տարիներ առաջ, սակայն հետաքրքիր է, որ անգամ հրավիրված ասուլիսին նախարարը մեղմորեն շրջանցեց այս կարեւոր կետը՝ հավանաբար փորձելով երկար պահել ինտրիգային պահը: