Հայաստանում հաջորդ տարվա բյուջեն ուղղվելու է կապիտալ ծախսերի առաջանցիկ աճի ապահովմանը
ЭкономикаԱռաջին անգամ բյուջետային քաղաքականության վեկտորն ուղղվելու է ոչ այնքան սոցիալական ծախսերի կատարմանը, որքան կապիտալ ծախսերի՝ ենթակառուցվածքների ու կապիտալ կարողությունների զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով 2018-ի բյուջեի նախագծի վերաբերյալ:
«Առաջին անգամ բյուջետային քաղաքականության մեջ շատ հստակ արձանագրվում է, որ պետք է ապահովել կապիտալ ծախսերի առաջանցիկ աճ սոցիալական պաշտպանության ծախսերի նկատմամբ: Ազգաբնակչության հանդեպ սոցիալական պարտավորությունների կատարման և սոցիալական ծախսերի տպավորիչ զարգացում ու ավելացում ունենալու համար մենք պետք է բյուջետային եկամուտների երաշխավորված ու անընդհատ աճ արձանագրենք, իսկ դրանց հնարավորությունը պայմանավորված է կապիտալ ծախսերի ու ներդրումների ծավալներով ու տեմպով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը ևս 1-2 տարի կշարունակվի, և բյուջետային կարողությունները կօգտագործվեն Հայաստանի տնտեսական հզորությունը, ներուժը ավելացնելու ուղղությամբ և բյուջեի եկամուտներն անընդհատ երաշխավորելու համար:
Կապիտալ ծախսերը, համաձայն բանախոսի, վերաբերելու են ճանապարհների վերակառուցմանը և խոսքը միայն հանրապետական նշանակության ճանապարհների մասին չէ, այլ մարզային, ինչու ոչ նաև միջհամայնքային ճանապարհների, էներգետիկ ենթակառուցվածքների, ջրամատակարարման: «Սրանք այն ենթակառուցվածքներն են, որ անհրաժեշտ են որևէ տնտեսավարողի գործունեությունն արդյունավետ իրագործելու համար»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը հիշեց՝ 2008-ին առկա էր բարվոք իրավիճակ սոցիալական պաշտպանության առումով, սակայն, երբ 2009-ին ՀՆԱ-ի 14 տոկոսանոց անկում գրանցվեց, եկամուտները էապես նվազեցին, սոցիալական պարտավորությունները չնվազեցին: Դրա համար պետությունը սկսեց պարտքեր վերցնել իր քաղաքականությունն իրականացնելու համար, որը, ըստ Խոսրով Հարությունյանի, ամենաանարդյունավետ քաղաքականությունն է: «Հիմա, եթե մենք պարտք ենք վերցնում, ապա դա պետք է դա օգտագործվի կապիտալ ծախսերի առաջանցիկ տեմպ ապահովելու համար»,-ավելացրեց պատգամավորը:
Համաձայն ՀՀ 2018 թվականի պետբյուջեի նախագծի` եկամտային մասը կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 157 միլիարդ դրամ: