Արագածոտնի մարզը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
ОбществоԱրագածոտնի մարզը հոկտեմբերի 21-ին մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Ինչպես տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված՝ «Մաքուր Հայաստան» ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովի կողմից կազմված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն շրջաբերականներ են ուղարկվել համայնքների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարներին, շահագրգիռ բոլոր կողմերին: Մարզպետարանի աշխատանիցներին հանձնարարվել է՝ լինել համայնքներում, հետեւել գործընթացին:
Շաբաթօրյակի մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 09:00-ին: Շաբաթօրյակին մասնակցել են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը: Նախնական հաշվարկով աշխատանքի է դուրս բերվել 140 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմել է շուրջ 16 հազար մարդ :
Շաբաթօրյակի աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզպետ Աշոտ Սիմոնյանը շրջայց կատարել մարզկենտրոն Աշտարակում: Նա ականատես է եղել քաղաքի տարբեր հատվածներում մաքրման և բարեկարգման աշխատանքներին:
Մարզի համայնքներում իրականացվող շաբաթօրյակի ընթացքի մասին մարզպետին պարբերաբար զեկուցվել է տեղերում գտնվող մարզպետարանի աշխատակիցների կողմից:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզում արդեն իսկ իրականացվել են հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների արդյունքում փակվել է 124 աղբավայր, կփակվի եւս 1-ը, եւ կանոնակարգված կգործի 11 աղբավայր:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար գործում է թեժ գիծ՝ (0232) 3-37-74 հեռախոսահամարով: