Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
СпортԱնթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տոնեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Հաղթանակ տոնած Տոնի Գալստյանը այսօր առավելության հասավ մոլդովացի Ահմեդ Կեմորտանի նկատմամբ: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն իր մեկնարկային մենամարտում հաղթեց Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմիին: Պարտություն կրեցին 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը:
Հոկտեմբերի 23-ին ռինգ դուրս կգա ու քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 4 ներկայացուցիչ: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը կմրցի ադրբեջանցի Օրխան Հասանովի հետ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը մրցակիցը կլինի շվեդ Ռոբերտո Բենգտսոնը: 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիան ներկայացնող Ֆենդերո Մորենոյի, իսկ գերծանր քաշային Արման Մնացականյանը՝ խորվաթ Ժոզիպ Բիլետիկիի հետ: