Պերես. Բենզեման Ռոնալդոյի և Զիդանի խառնուրդն է
СпортՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է անգլիական ֆուտբոլային վերլուծաբան Գարի Լինեկերի խոսքերը, ով «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեմային համարել է թերագնահատված ֆուտբոլիստ:
«Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս արդեն 8 տարի: Սա նրա 9-րդ մրցաշրջանն է մեր թիմի կազմում: Նա ինքն իր հանդեպ շատ պահանջկոտ է և նվիրված է ակումբին:
Ես չեմ փորձի հակադարձել Լինեկերին: Ինձ համար միևնույն է, թե նա ինչ կասի: Մարդիկ Կարիմին դատում են նրա խփած գոլերի քանակով, սակայն դա սխալ է: «Էյբարի» հետ մրցավեճում նա դուրս եկավ փոխարինման և այնպիսի գլուխգործոց ստեղծեց, որից հետո Մարսելոն դարձավ գոլի հեղինակ:
Ես միշտ ասել եմ, որ Բենզեման Զիդանի և Ռոնալդոյի խառնուրդն է: Նա խփում է այնպես, ինչպես բրազիլացին և վարվում է գնդակի հետ Զիդանի նման: Հիանալի է, որ թիմում նրա պես ֆուտբոլիստ ունենք»,- Պերեսի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: