Հայ և ռուս փորձագետները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումները ԵԱՏՄ շրջանակում
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ հայ և ռուս փորձագետները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, հեռանկարները և դրա դերը Եվրասիական տնտեսական միությունում: Հոկտեմբերի 24-ին Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, «Նորավանք» ԳԿՀ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան «Հայաստանի փորձագիտական և կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մեջ» խորագրով:
Կլոր սեղանի օրակարգում ԵԱՏՄ վարչապետների հերթական հանդիպմանը քննարկվող հարցերն էին: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը նշեց, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գազի, նավթի և էներգետիկայի միասնական շուկայի ձևավորմանը, իսկ քննարկմանը մասնակից ռուս փորձագետներն ընդգծել են, որ շուկայում ընդհանուր կարգավորումներից հետո գնանկում է ակնկալվում: «Հայ փորձագետների ելույթները վերաբերվել են մեր տնտեսության միտումներին, ես ներկայացրել եմ Հայատանի դերը Եվրասիական տնտեսական միությունում»,- նշեց Արամ Սաֆարյանը:
«Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանն էլ շեշտեց, որ նման քննարկումները ոչ միայն առիթ են եղած խնդիրները դիտարկելու և վերլուծելու, այլև հնարավորություն նոր առաջարկներ ներկայացնելու համար: Հարությունյանի խոսքով՝ արդիական թեմաներ են էներգետիկ խնդիրները, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զարգացնելու հետ կապված հարցերը: