Մոուրինյոն. Մինչեւ օրս հուզմունքով եմ հիշում իմ առաջին հանդիպումն Անգլիայում
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Սուոնսիի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը: Անգլիական ֆուտբոլում դա պորտուգալացի մասնագետի 400-րդ խաղն էր գլխավոր մարզիչի պաշտոնում:
«Մինչեւ օրս հուզմունքով եմ հիշում Անգլիայում իմ առաջին հանդիպումը 2004-ին: Կարծում եմ՝ գրեթե չեմ փոխվել, պարզապես դարձել եմ ավելի հասուն եւ այլ կերպ եմ արձագանքում տարբեր իրավիճակներում: Ոչինչ չի փոխվել՝ սիրում եմ հաղթել եւ ատում պարտվելը:
Այս խաղում հանդես եկանք 2 հարձակվողով եւ ցուցադրեցինք դինամիկ խաղ: Ձգտում ենք պաշտպանել մեր տիտղոսը եւ դուրս եկանք քառորդ եզրափակիչ: «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ ու պրոֆեսիոնալ խաղ ցուցադրեց առաջին րոպեից: Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Ես գոհ եմ թիմային խաղից ու ֆուտբոլիստների անհատական գործողություններից»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Սուոնսիում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր, բայց փոխարինման դուրս չեկավ: Մոուրինյոյի թիմը հաղթեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի դուբլի շնորհիվ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: