ՊՍԺ-ի նախագահ. Պատասխանեցի դատախազության բոլոր հարցերին, ոչինչ չունեմ թաքցնելու
СпортՖրանսիական ՊՍԺ-ի եւ BeIN Media Group ընկերության նախագահ Նասել Ալ Խելաիֆին պատմել է Շվեյցարիայի դատարանում հարցաքննության մասին: Հոկտեմբերի 25-ին Ալ Խելաիֆիին հարցաքննել էին կոռուպցիայի գործով:
«Ես Շվեյցարիա եմ ժամանել բացատրություն տալու համար: Պատասխանեցի դատախազի հարցերին, ոչինչ չունեմ թաքցնելու: Ես միշտ հասանելի եմ Շվեյցարիայի դատախազության համար: Ես այստեղ էի ժամանել հանգիստ եւ հեռանում եմ նույնպես հանգիստ»,- ՊՍԺ-ի ղեկավարի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Նասեր Ալ Խելաիֆին եւ ՖԻՖԱ-ի (գրանցումը Շվեյցարիայում է) նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն մեղադրվում են 2018-2030 թվականների աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքի բաշխման գործընթացում կոռուպցիոն սխեմաների կիրառման մեջ՝ մեքենայություն, փաստաթղթերի կեղծում, հանցավոր անփութություն, կաշառակերություն: Մի շարք երկրներում հեռարձակման իրավունքը ստացել է BeIN Media Group-ը: Քրեական գործը հարուցել է Շվեյցարիայի դատախազությունը: