Ատոմակայանի տեխնիկական վերանայման ժամանակ զննության են ենթարկվում բոլոր բաղադրիչները. ԱԷԱԽ նախագահ
ЭкономикаՄիջազգային տարբեր առաքելությունների, այդ թվում` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները չեն կարող բացարձակ երաշխիքներ տալ, որ ատոմակայանի աշխատանքը 100 տոկոսով անվտանգ է, բայց նրանք կարող են անվտանգությունը բարելավող խորհուրդներ տալ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ներկայիս վիճակը:
«Հայաստանի ատոմակայանն անցնում է անվտանգության վերանայումներն ամեն տարի՝ անգամ 1995 թվականից առաջ, իսկ անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են տարբեր փուլերում` պլանավորման, կատարման և ավարտման:
Ես կարող եմ հաստատել, որ Հայաստան են գալիս բազմաթիվ միջազգային առաքելություններ: Եվ բոլոր այն երկրներում, որտեղ ատոմակայան է շահագործվում, էներգաբլոկի շահագործման երկարաձգումը ստանդարտ գործընթաց է»,-ասաց Միրոսլավ Լիպարը:
Նա կարևոր համարեց այն, որ տեխնիկական վերանայումների ժամանակ ամբողջությամբ զննության են ենթարկվում ատոմակայանի բոլոր բաղադրիչները:
«Այդ գնահատման հիման վրա որոշում են կայացնում, արդյոք այս կամ այն բաղադրիչը կարող են թողնել տեղում, թե փոխարինել: Կարևորը առաջնային կոնտուրի, փականների ու խողովակաշարերի զննումն է, որը կատարվում է 100 տոկոսով: Այս ամենի օգուտը նրանում է, որ մասնամասն զննության են ենթարկվում բոլոր բաղադրիչները ու կարիքի դեպքում` փոխարինվում»,- նշեց ԱԷԱԽ նախագահը:
Նրա խոսքով` եթե ԱՄՆ-ում ռեակտորի կյանքը ի սկզբանե գնահատվում է 40 տարի և հնարավոր է երկարաձգել ևս 20 տարով ու հասցնել 60 տարվա շահագործման, ապա Սլովակիայում ու Հայաստանում սկզբնական ժամկետը 30 տարի է` հնարավորություն ունենալով ևս 10 տարով երկարաձգելու:
«Դրանից հետո, դատելով էներգաբլոկի կոնկրետ վիճակից, կարելի է որոշել՝ պետք է շարունակե՞լ շահագործել, թե՞ ոչ»,-ասաց Միրոսլավ Լիպարը: