Արմավիրի մանկապարտեզում երեխային պատանդ պահած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоԱրմավիր քաղաքի մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ պահող տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ահարոնյանը։
Աշոտ Ահարոնյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում պատանդ պահված երեխայի հայրը շնորհակալություն է հայտնում երեխային ազատ արձակելու գործողության մասնակիցներին: «Կարևորն այն է, որ իմ երեխան անվնաս ինձ մոտ է: Ոստիկանությունը գործել իրավիճակին համապատասխան: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իմ երեխային ազատ արձակելու գործողությանը»,- ասել է նա: