Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը մեկնաբանել է Մանաֆորթին ուղղված մեղադրանքները
Международные новостиՍպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին հայտարարել է, որ այն գործողությունները, որոնց համար մեղադրվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը եւ նրա բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսը, կատարվել են շատ ավելի վաղուց՝ մինչեւ գործող նախագահի հետ ծանոթանալը, հայտնում է Fox News-ը:
«Որքան հասկանում եմ, բոլոր գործողությունները, որոնց համար նրանց մեղադրում են, ձեռնարկվել են ավելի վաղուց, մինչ նրանք հանդիպել են Դոնալդ Թրամփին կամ ընկերության հետ որեւէ կապ են ունեցել»,- հայտարարել է Քելին:
Նա նշել է, որ ԱՄՆ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է անում իրենց կառավարությունը:
Քելին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի հարցը նրան հանգիստ չի տալիս՝ հույս հայտնելով, որ Չինաստանը «ճնշում կգործադրի Հյուսիսային Կորեայի ղեկավարության վրա»: Նա հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ն «ռուսների հետ մեծ հույսեր է կապում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին եւ նրա բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսին 12 կետով մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ արտասահմանյան գործակալների մասին օրենքի խախտման եւ փողերի լվացման: Մեղադրանքի կողմը համարում է, որ Մանաֆորթն ու Գեյթսը երկար տարիներ աշխատել են Ուկրաինայի կառավարության եւ Ուկրաինայի Տարածաշրջանների կուսակցության համար՝ այս ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ վաստակելով եւ միջոցները հարկումից թաքցնելով: