Կոստյումն է, որ քեզ պիտի գեղեցկացնի
АналитикаԵրկար սպասված 2018 թվականի բյուջեի քննարկումներն սկսվել են: Ինչպես և սպասվում էր, ծովում խեղդվողը ձեռքը գցել է փրփուրներից: Ակնհայտ է այն հանգամանքը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական ֆարս էր իշխող հանրապետականի համար՝ 2017-ի ընտրությունների նախաշեմին: Այդ մասին չխոսենք: Բազմիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու:
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ, պարոն Կարապետյանը ֆանտաստիկայի ժանրից խոստումներ էր տալիս: Փաստը կայանում է հետևյալում: Հայաստանի պետական պարտքն աճել է: Դեֆոլտից մեզ մի քանի հարյուր միլիոն դոլլար է բաժանում, որն այս կառավարության համար խնդիր չէ: Եվս մեկ նպաստ ու թոշակ ու կհասնենք այդ շեմին: Աշխատավարձերը, նպաստները, թոշակները և այլ պետական հատկացումները չեն ավելացել: Փոխարենը գնաճն ավելանում է տարերայնորեն: Անգամ Այվազովսկին, իր խելագար ծովանկարներում, որոնցում պատկերում էր փոթորկահույզ ծովերը, կդժվարանար սյուռեալիզմի ոճով կտավել Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը:
Այս առումով, բացառիկ է, բայց չենք կարող չհամաձայնել Փաշինյանի դիտարկումների հետ: Ի մասնավորի նա նշում է. «Կարծում եմ, որ գնաճը շարունակվելու է: Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, իսկ 2017-ին՝ 2.7 տոկոս, այսինքն` արդեն մենք ունենք 6.7 տոկոս գնաճ։ Հետեւաբար, եթե մենք թոշակներն ու ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն»:
Սակայն նա, բավականին մեղմ է նկարագրում իրավիճակը: Հիշեցնենք, որ որոշ ապրանքների պարագայում, գնաճն արդեն կազմել է շուրջ 30 տոկոս, իսկ որոշների դեպքում, 2018-ի հունվարի մեկից, սպասում ենք 20-25 տոկոս աճ: Հետաքրքիր է, ինչպե՞ս է այս ամենին հակադարձելու վարչապետը: Հուսանք, նրա հուզառատ ժպիտը և իմիջային լուծումները, մտավոր էքստազի սիրահար կանանց Բաքոսի գիրկն այլևս չեն գցի, երբ նրանք զգան, որ սոված են: Իսկ սեփական հաճույքների համար Գյումրիում կառուցվող հյուրանոցը, որը հերթական ֆարսի առհավատչյան է, ոչնչով չի օգնելու Կոռնիձորում ապրող խեղճ թոշակառուին:
Զաբել Եսայան