Ահաբեկչությունը դարձել է գործելաոճ
АналитикаԱրմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում նախօրեին տեղի ունեցած դեպքերը խոսում են Հայաստանում առկա իրավական ճգնաժամի մասին։ Շատերը կպնդեն, որ սա հետևանք էր «Սասնա ծռերի» գործողության, ովքեր հիմք դրեցին Հայաստանում պատանդ պահելու ու այդ միջոցով հարցեր լուծելու մշակույթին։ Սակայն դա այդպես չէ։ Եթե այդպես լիներ, ապա նախադեպն ավելի շուտ ենք ունեցել՝ խորհրդարանական սպանդի ժամանակ։
Իրականում Հայաստանում իրավական ճգնաժամ է։ Նման դեպքերը բացահայտում են Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջնական բարոյալքումը։ Հասարակական որևէ շերտ, այլևս չի վստահում իրավապահ մարմիններին կամ դատական համակարգին։ Մարդիկ փորձում են լուծել որոշակի հարցեր՝ ծայրահեղ միջոցներով։ Արգամ Հովիկյանի այս քայլն այդ միջոցներից մեկն է։
Մենք այժմ չենք քննարկում այն հարցը, թե որքանո՞վ է բարոյական երեքամյա երեխա պատանդ պահել։ Ընդհանրապես, մարդ պատանդ պահելն հակաիրավական է։ Քննարկելով պատանդ պահելու կամ նման քայլի գնալու բարոյական հիմքերը, մենք շեղվում ենք իրական ուղղությունից։ Բարոյականության դաշտում, շատ հեշտ է գնահատականներ տալ ու անցնել առաջ։ Խնդիրը պետք է դնել իրավական դաշտում, իրավական հարթության վրա։ Խնդիրը նաև պետք է դնել պետություն-հասարակություն-քաղաքացի հայեցակարգում։
Երբ մենք տալիս ենք բարոյական կամ խրատական գնահատականներ ու անցնում առաջ, չենք փորձում հասկանալ բուն էությունը։ Ինչու՞ մարդը գնաց այդ քայլին։ Պատճառները, հավատացեք՝ բազմաթիվ են։ Հայաստանում, մարդկանց մոտ լարվածությունը գագաթնակետին է։ Դա մարդկանց դարձնում է դյուրագրգիռ։ Այդ ամենի հիմքում ընկած է տնտեսական վատ վիճակը, սոցիալական անարդարությունները, օրենքի ընտրական սկզբունքով կիրառելիությունը, ամենաթողությունը և անպատժելիությունը մի կողմից, պաքսիմատ գողացողի նկատմամբ երեք տարվա հոդվածով մեղադրանք առաջադրելը՝ մյուս կողմից։ Չունենալով այլ ելք, մարդիկ գնում են նման քայլերի։ Իհարկե, նրանք ի սկզբանե պետք է հասկանան, որ այդ ճանապարհով խնդրի լուծում չկա։ Սակայն մյուս կողմից, մենք նրանց չենք կարող առաջարկել երկրորդ ճանապարհը։ Ու այստեղ է առաջանում կոլապսը։
Ատոմ Ոսկանյան