Քրդական «փեշմերգան» կարող է միանալ իրաքյան բանակին, կամ էլ կվերածվի աննշան մի խմբավորման. Իրաքի վարչապետ
Международные новостиԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ քրդական «փեշմերգա» ուժերը բավականին թույլ ու փոքրաթիվ են միայնակ գործելու համար, ուստի կարող են միանալ իրաքյան բանակին, կամ էլ կվերածվեն աննշան մի խմբավորման։ Այս մասին Աբադին ասել է բրիտանական Independent պարբերականի հետ զրույցում:
Աբադին նշել է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարության ներկայացրած տվյալները, ըստ որոնց «փեշմերգան» ունի ավելի քան 300.000 մարտիկ, չի համապատասխանում իրականությանը:
«Քրդստանում աշխատող մի շարք պաշտոնյաներ ինձ հաղորդում են, որ «փեշմերգայի» շարքերում մնացել է զինված փոքրիկ մի խումբ, մնացածներն էլ իրենց տներում են նստած», - ասել է պաշտոնյան՝ պատրաստակամություն հայտնելով աշխատավարձ նշանակել այն քուրդ մարտիկներին, որոնք կհամալրեն դաշնային բանակի շարքերը:
Իրաքի վարչապետը նշել է, որ թեև Թուրքիան մինչ քրդական անկախության հանրաքվեն, առանց Բաղդադի միջնորդության տնտեսական ու քաղաքական կապեր էր հաստատել Իրաքյան Քրդստանի հետ, սակայն հանրաքվեից հետո գիտակցել է իր սխալը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն:
Ավելի ուշ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին: