Ստամբուլի դատախազությունը քրեական գործ կհարուցի Գերմանիայից ապաստան ստացած թուրք մտավորականների դեմ
Международные новостиՍտամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը գործ կհարուցի Գերմանիայից ապաստան ստացած 100 թուրք մտավորականի դեմ, որոնք մեղադրվում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար, գրում է թուրքական ensonhaber.com կայքը:
Թուրք գիտնականներն «Ակադեմիկոսները հանուն խաղաղության» նախաձեռնության անդամ են, հայտնի է, որ այս նախաձեռնության 1000-ից ավելի անդամներից 100-ն այժմ բնակվում է Գերմանիայում:
Նրանք պայքարում էին Թուրքիայի հարավ-արևելքում և, մասնավորապես, քրդաբնակ շրջաններում իշխանությունների կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների ու ճնշման քաղաքականության դեմ:
Թուրքական դատարանն ակադեմիկոսների գործունեությունն անվանել է «խաղաղության կեղծ կոչ», որի հետևում իրականում թաքնված է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական խմբավորմանը պաշտպանող քարոզչություն:
Հայտնի է, որ գերմանաբնակ մտավորականներից 5-ին արդեն մեղադրանք է առաջադրվել: Սպասվում է, որ մյուսները նույնպես մոտ օրերս նմանատիպ ծանուցումներ կստանան:
Ինչպես ներկայացնում է թուրքական կայքը, ենթադրվում է, որ գերմանական դատարանները, ամենայն հավանականությամբ, կմերժեն թուրք մտավորականներին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջները: