«Բարի գալուստ Հայաստան»-ի նախագահն ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն այցելել են Գյումրու «Ժպիտ» մանկապարտեզ
ОбществоՀայաստանի արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը հոկտեմբերի 31-ին այցելել են Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզ՝ վերանորոգման աշխատանքներից հետո ծանոթանալու նոր պայմաններին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Վերանորոգման հերթական փուլից հետո շահագործման հանձնվեցին մանկապարտեզի ևս երկու խմբասենյակներ, որը իրականացվել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Նատալիա Նալբանդյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպանը ներկա գտնվեցին մանկապարտեզի երեխաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը, ինչպես նաև հանդես եկան ելույթներով։
Նատալիա Նալբանդյանն իր ելույթում խոսեց «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից նախաձեռնված բարեգործական ձեռնարկների մասին՝ հավաստիացնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։ Նա նաև նշեց, որ Գյումրիում առկա խնդիրները մշտապես լինելու են դիվանագիտական ասոցիացիայի ուշադրության կենտրոնում և ասոցիացիան փորձելու է հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը։
Ելույթով հանդես եկավ նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, ով շնորհակալություն հայտնեց բարեգործական ձեռնարկի կազմակերպիչներին։