Իրաքի խորհրդարանը նոր որոշում է ընդունել Քիրքուքի և այլ վիճելի տարածքների հետ կապված
Международные новостиԻրաքի խորհրդարանը նոր որոշում է ընդունել վիճելի տարածք համարվող Քիրքուքի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, ըստ խորհրդարանի ընդունած որոշման Իրաքի բանակից բացի որևէ այլ ռազմական ուժ իրավունք չունի մուտք գործել կամ դիրքեր հաստատել Քիրքուքում:
Ընդունված փաստաթղթում նշվում է, որ որոշումը տարածվելու է ոչ միայն Քիրքուքի, այլև բոլոր վիճելի տարածքների վրա:
«Խորհրդարանը որոշում է կայացրել, որի համաձայն Իրաքի դաշնային ուժերից բացի որևէ այլ ռազմական ուժ իրավունք չունի գտնվել և հենակետեր ունենալ Քիրքուքում կամ այլ վիճելի տարածքներում», - ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: