Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն ելույթ ունեցավ հայաստանյան բեմում
КультураԽաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դասական երաժշտության սիրահարները Հայաստանում առաջին անգամ ծանոթացան Մալթայի կատարողական արվեստին։ Նոյեմբերի 1-ին ելույթ ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն՝ Բրիթ Արենդ (սոպրանո), Կլարա Ղիգո (մեցո-սոպրանո), Գիլլիան Ցամմիթ (տավիղ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համերգային երեկոյի ընթացքում հնչել են Վինչենցո Բելլինիի, Գաբրիել Ֆորեի, Ռեյնալդո Հանի, Կլոդ Դեբյուսիի, Ջոակինո Ռոսինիի և այլ հեղինակների ստեղծագործություններից։
Տավիղ և կանացի ձայներ համադրությունը նորություն էր հայ ունկնդրի համար։ Մեցո-սոպրանո Կլարա Ղիգոն նշում է, որ իրենց նախագիծը և' տրիոյին է հաճույք պատճառում, և' հանդիսատեսին, քանի որ վերջինս ցանկանում է նորարարություն, հետաքրքիր ծրագիր տեսնել բեմում։ Երգչուհին նկատում է, որ իրենց շատ կատարումներ հայտնի գործեր են, սակայն դրանք տավիղի համադրությամբ բոլորովին այլ կերպ են հնչում։
Տրիոն ներկայացնում է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը 2018 թվականին նշելու է կազմավորման 50-ամյա հոբելյանը։ Այն Մալթայի առաջատար երաժշտական կոլեկտիվն է։ Նվագախումբը տարեկան մոտ 70 ելույթ է ունենում։ Կլարա Ղիգոն նկատում է, որ նվագախումբը տարեցտարի զարգացնում է, բարձրացնում է իր կատարողական վարպետությունը։ Այն հիանալի մի կոլեկտիվ է, որ համագործակցում է հայտնի մենակատարների, դիրիժորների հետ, ունենում բազմաթիվ հյուրախաղեր։ Երաժիշտները մշտապես մասնակցում են վարպետության դասերի, իրենք էլ են տալիս վարպետության դասեր։
Հայաստանյան ունկնդիրը Մալթայի երաժշտական արվեստի մասին տեղյակ է Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ Երևանում Շորի ստեղծագործությունները հաճախ են հնչում։ Մեր այն հարցին՝ ինչպես կբնութագրի Շորի երաժշտությունը, երգչուհին նշեց, որ ինքը նույնպես կատարում է Շորի գործերից։ Ըստ Կլարա Ղիգոյի՝ Շորի երաժշտությունը մեղմ ու փափուկ է, հաճելի է ականջի համար, այն շատ լավ ու ճիշտ է գրված, խորն է, շատ մաքուր։