Հայաստանը ներդրողներին ներկայանում է որպես ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ և Իրան մուտք ապահովող երկիր
ЭкономикаԲոլոր պոտենցիալ ներդրողներին Հայաստանը ներկայանում է ոչ թե որպես 3 միլիոնանոց շուկա, այլ մի տարածք, որն առաջարկում է մուտք մի քանի խոշոր շուկաներ։
Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցադրմանը, թե որն է, նրա գնահատմամբ, Եվրասիական տնտեսական միությանը գրեթե եռամյա անդամակցությունից Հայաստանի տնտեսական շահը։
«Այսօր մեր բոլոր հնարավոր ներդրողների և գործընկերների հետ բանակցելու ժամանակ ասում ենք՝ երբ գալիս եք Հայաստան, մի եկեք որպես 3 միլիոնանոց շուկա, այլ եկեք մի տարածք, մի երկիր, որտեղ մենք ձեզ համար մաքսիմալ ապահովելու ենք բիզնես միջավայր, անվտանգություն, որտեղ, կախված ձեր հետաքրքրություններից, կարող եք մտնել ԵԱՏՄ, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Նա վերահաստատեց, որ նոյեմբերի վերջին արդեն կսկսի գործել Իրանի հետ ազատ տնտեսական գոտին, ինչն էլ իր հերթին կապահովի 82.5 միլիոնանոց շուկա։
«Մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ հինգ երկրների ակումբի անդամ, որի արդյունքում հնարավորություն ունենք 180 միլիոնանոց շուկա մտնել որոշակի հեշտացված ռեժիմով: Եվ արտադրանքի, ծառայությունների, որ ունենք մեր երկրում, հիմնական սպառողն այդ շուկաներում է: Բացի դրանից, մենք հետխորհրդային տարածքում միակ երկիրն ենք, որը լինելով ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ, ունենք GSP+ ռեժիմ Եվրամիության հետ, GSP ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,-նշեց վարչապետը։