ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքներով ստորագրվել է տնտեսական առաջնահերթությունները հստակեցնող արձանագրություն
ЭкономикаՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:
ՀՀ Ազգային ժողովում նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության համանախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Արձանագրության մեջ հստակ մատնանշված են տնտեսության այն ոլորտները, որտեղ մենք դեռ շատ և շատ անելիքներ ունենք: Եվ դա, ինչ խոսք, պարտավորեցնող է թե մեր պատվիրակության, թե ռուսական պատվիրակության համար»,- ընդգծեց Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանը հավելեց, որ հայկական կողմից եղել է 9, ռուսական կողմից 6 ելույթ:
«Մինչև նիստի ավարտը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանն ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահը:
«Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բավականին լուրջ հետաքրքրության արժանացավ ռուս պատվիրակներից կողմից: Նրանք միահամուռ այն կարծիքին էին, որ հանդիպումն անցել է մտերմիկ և անկեղծ մթնոլորտում»,- ասաց պատգամավորը:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովն ընդգծեց, որ իրենք շատ գոհ են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:
«Մենք այսօր անցկացնում ենք 30-րդ նիստը, և., հաշվի առնելով, որ տարվա մեջ երկու անգամ են գումարվում մեր նիստերը, նշանակում է, որ արդեն 15-րդ անգամ էինք Հայաստանում նիստ անցկացնում: Եվ բոլոր այդ 15 նիստերի ժամանակ, որոնք անցկացվել են Հայաստանում, մեզ անպայման ընդունել է երկրի նախագահը: Չի եղել նիստ, որի ժամանակ մենք նախագահի հետ չենք հանդիպել»,- նշեց Ռիժկովը:
Նա հավելեց, որ նիստի ընթացքում հատուկ ընդգծել են ոչ միայն տնտեսության, այլ նաև մշակույթի, կրթության, հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նիկոլայ Ռիժկովը կարևորեց նաև Հայաստանի և Ռուսաստանի քաղաքների միջև շփումների ընդլայնումը: