Գողապետության իրական դեմքը
АналитикаՆախօրեին լուրեր տարածվեցին առ այն, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին անցկացվել են ստուգումներ և խուզարկություններ: Ազգային անվտանգության ծառայության և ՔԿՎ ծառայողների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական գործողություններն առնչություն ունեն թմրամիջոցների հայտնաբերման հետ:
Այնուհետ, հայտնի դարձավ, որ իրավապահները ստուգումներ են անցկացրել նաև Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդիների բնակարաններում: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է:
Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի եւ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին եւ կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։ Մասնավորապես՝ կալանավորներն այրել են անկողնային պարագաները և դրանք խցերից դուրս նետել, հարվածել դռներին, կոտրել կերակրադռնակները, վնասել են որոշ խցերի փականները:
Նման երևույթների մենք ականատես ենք լինում ֆիլմերում: Սակայն դա կա նաև իրական Հայաստանում: Այստեղ պետք է փորձել հասկանալ պատճառները: Ստացվել է այնպես, որ կալանավոր պահելն ընտանիքների վրա ավելի թանկ է արժենում քան ուսանող պահելը: Դա տրամաբանական է: Այն իրավիճակը, որն այսօր տիրում է հայկական կալանավայրերում, հիշեցնում է վաղ միջնադարը: Վաղ միջնադարում դեռ որոշ դրական բաներ կային: Թմրամիջոցներն այսքան տարածված չէին: Մոլախաղերը, թմրամիջոցները, բռնությունը և մարդկային արժանապատվության նվաստացումն ամենօրյա ուղեկիցներն են: Բնական է, որ Սերժ Սարգսյանի Հայաստանում, այլ բան չէր կարելի ակնկալել: Մյուս կողմից, այդ նույն միջավայրը նաև իշխանության կլանային համակարգի մասն է:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հատուկ գործողությունների ընթացքում, կալանավորներն այսպես ասած բողոքի ակցիաներ են կազմակերպում: Դրա պատասխանը շատ պարզ է: Ստացվել է մի իրավիճակ, երբ նրանք կոռուպցիոն համաձայնության են եկել կալանավայրերի աշխատակիցների հետ: Դրա արդյունքում, խցերում կա ամեն ինչ՝ սուր ծակող գործիքներից սկսած մինչև թմրամիջոցներ: Չենք խոսում նաև վիփ խցերի մասին:
Հարևան Վրաստանում, միայն ընդունելու համար որ օրենքով գող ես, կարող ես մի քանի տարի անցկացնել ճաղերի հետևում, իսկ Հայաստանում, քրեական աշխարհի հետ կապեր ունենալը կամ այդ աշխարհի ներկայացուցիչ լինելը համարվում է առավելություն, որը տրվում է իշխանությունների կողմից:
Ռութ Դարբինյան