ԵՊՀ-ում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի գրքի շնորհանդեսը
ОбществоԵրևանի պետական համալսարանում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենստանը՝ Մեծ մետաքսի ճանապարհի սիրտ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Երևանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդնիյազ Մաշալովը, Թուրքմենստանում ՀՀ նախկին դեսպան Արամ Գրիգորյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական Անդրեյ Իվանովը, ԵՊՀ դասախոս, Թուրքմենստանում թուրքմենական գրականության մասնագիտացմամբ գիտությունների թեկնածուի ատենախոսությունը հաջողությամբ պաշտպանած Ամալյա Պետրոսյանը, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
Բոլոր ելույթ ունեցողները ընդգծեցին, որ խոր ավանդույթներ ունեցող հայ-թուրքմենական գիտական ու մշակութային կապերն ու համագործակցությունը այսօր զգալի առաջընթաց են ապրել: Շեշտվեց, որ Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ Պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գիրքն, անշուշտ, կհետաքրքրի թե ընթերցող լայն հասարակայնությանը, թե մասնագետներին և ուսանողներին:
«Վերջին տարիներին հայ և թուրքմեն գիտնականները, արվեստի ճանաչված գործիչները, լրագրողները փոխայցելությունների, համատեղ միջազգային համաժողովների մասնակցության, մեր երկու բարեկամ երկրներում գիտական աշխատություններ հրատարակելու բազմաթիվ հնարավորություններ են ունեցել: Հատկապես արդյունավետ է համագործակցությունը Երևանի պետական համալսարանի և Մահթումկուլիի անվան Թուրքմենական պետական համալսարանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքմենստանի ակադեմիական տարբեր ինստիտուտների միջև:
Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական ղեկավարությանը` հայ-թուրքմենական գիտական ու մշակութային համագործակցությանը մշտապես սատարելու համար»,- նշեց պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը: