ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն ուսումնասիրել է պետական գնումների գործընթացն ու խախտումներ բացահայտել
ЭкономикаԱռողջապահության, կրթության, սոցիալական ապահովության ոլորտներում և համայքներում պետական գնումների գործընթացում արձանագրվել են մրցույթի մասնակիցների նկատմամբ պատվիրատուների կողմից սահմանափակումներ կիրառելու դեպքեր։
Այս մասին տավուշցի գործարարներին հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ նշյալ ոլորտներում ուսումնասիրությունները կատարել են ընթացիկ տարում։ «Մենք ակտիվ ուսումնասիրում ենք այդ գործընթացը, այս տարի չորս ոլորտում իրականացրել ենք։ Հակամրցակցային համաձայնությունների դեպքեր չենք բացահայտել, բայց շատ են եղել դեպքերը, երբ պատվիրատուները՝ պետական մարմինները, որոնք գնումներ են հայտարարում, սահմանափակումներ են կիրառել։
Օրինակ, գրում են կոնկրետ ապրանքի անուն և, բնականաբար, ստացվում է, որ դրա արդյունքում հաղթող է ճանաչվելու կոնկրետ մեկ ընկերություն։ Կամ տեխնիկական բնութագրերն այնքան մանրամասն են գրում, որ արդյունքում նկատի ունեն մեկ տնտեսվարողի։ Այսպիսի դեպքերը շատ են, մենք պայքարում ենք նման երևույթների դեմ»,-ասաց Արտակ Շաբոյանը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյոք, քննարկմանը մասնակցող տնտեսվարողները երբևէ մասնակցել են պետական գնումների գործընթացին ու անարդար կամ խտրական վերաբերմունքի արժանացել, բայց ներկաներից ոչ ոք նման դեպք չմատնանշեց։ «Օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնել, որով այն պաշտոնյաները, որոնց գործողությունների պատճառով մրցակցությունը կխաթարվի, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Օրինագծերը գտնվում են Ազգային ժողովում»,-ասաց Արամ Սահակյանը։