Պաշտոնաթող արված Իրակլի Ալասանիան չի բացառում, որ իրեն կբանտարկեն
Международные новости«Մեր Վրաստանը- Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, որը հանրապետության կառավարության ղեկավարի որոշմամբ նոյեմբերի 4-ի երեկոյան հեռացվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտարարություն է արել այն մասին, որ իր դեմ քաղաքական պայքար է սանձազերծված եւ իրեն կարող են ձերբակալել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Ես չեմ բացառում, որ ինձ կարող են բանտ նստեցնել: Եվ ես կոչ եմ անում՝ թող ինձ նստեցնեն, եթե նրանք ցանկանում են վերացնել ինձ՝ որպես քաղաքական առաջնորդի: Բայց թող ձեռք չտան անմեղ մարդկանց»,- Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է Ալասանիան: Ընդսմին արդեն նախկին նախարարը հավելել է, որ պաշտպանության նախարարությունում խախտումների քրեական հետաքննությունը, որը վերջին ժամանակներս սկսել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը, «իր՝ որպես մրցակցի, քաղաքական սպանության փորձ է»:
«Դա հնարավոր մրցակցի եւ ընդդիմախոսի քաղաքական ոչնչացման փորձ է, քաղաքական սպանության փորձ: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ես կարող եմ ասել բոլոր նրանց, ովքեր դա պլանավորել են՝ չկա այնպիսի մի բան, որով կարելի է ինձ վախեցնել, որպեսզի ես հրաժարվեմ իմ երկրի եվրոպական ինտեգրացման նպատակից»,- հայտարարել է Ալասանիան:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարելով Ալասանիայի պաշտոնաթողության մասին, նշել է. «Ես որոշեցի պաշտոնաթող անել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, որպեսզի թույլ չտամ պաշտպանության նախարարության սեփականաշնորհում եւ չխանգարեմ հետաքննության աշխատանքին»:
Ղարիբաշվիլին նաեւ հայտնել է, որ հանրապետության պաշտպանության նոր նախարար կդառնա Մինդիա Ջանելիձեն, որը մինչեւ վերջին ժամանակներս զբաղեցնում էր Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ միանգամից երեք քրեական գործ հարուցելու մասին: Առաջին սկանդալը ծավալվել է նախարար Իրակլի Ալասանիայի արտասահմանյան ուղեւորության ժամանակ. պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են առանձնապես մեծ չափերի վատնումների մեղադրանքով:
Ալասանիան ինքը նախօրյակին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարության դեմ միտումնավոր գրոհի մասին եւ պահանջել է գումարել իշխող կոալիցիայի քաղաքական խորհրդի նիստ:
Ղարիբաշվիլին, բացատրելով Ալասանիային պաշտոնաթող անելու իր որոշման պատճառները, ասել է, թե «նախարարը, որն իր ընկերներին գնումներ ու հայտամրցույթներ իրականացնելու հնարավորություն է տալիս, չի կարող նախարար լինել»:
Նա անպատասխանատու է համարել Ալասանիայի հայտարարությունն այն մասին, որ դատախազության գործողություններն ուղղված են այն բանին, որ խանգարեն երկրի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացմանը:
«Վրաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը կապված չէ մեկ նախարարի դիրքորոշման հետ, դա անպատասխանատու հայտարարություն է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Իր հերթին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ թե կուլիսներից: