Օբաման դարձյալ կոչ է արել սահմանափակել զենքի կրումը
Международные новостиԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Թեխասում զանգվածային հրաձգությունից հետո, որի ժամանակ 26 մարդ է զոհվել, դարձյալ կոչ է արել սահմանափակել զենքի կրումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք սգում ենք Սազերլենդ Սփրինգսի բոլոր ընտանիքների հետ, որոնք տուժել են ատելության այս գործողության հետեւանքով, եւ մենք կսատարենք ողջ մնացածներին, որոնք առողջանում են: Թող Աստված բոլորիս իմաստնություն տա բարձրացնելու հարցը՝ ի՞նչ կոնկրետ քայլեր կարող ենք ձեռնարկել մեր շարքերում բռնությունն ու զենքը կրճատելու համար»,- նշել է Օբաման Twitter-ում:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Թեխասի Սազերլենդ Սփրինգսի եկեղեցում հրաձգության հետեւանքով զոհվել է 26, վիրավորվել մոտ 20 մարդ: Կրակողը ինքնաձիգ հրացանով էր զինված: Կասկածյալին մահացած են հայտնաբերել:
Այցով Ճապոնիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ դաշնային իշխանությունները նահանգի իշխանություններին կօգնեն միջադեպը հետաքննելիս:
Նախագահի պաշտոնում Օբաման փորձել է Կոնեկտիկուտում Սենդի Հուք դպրոցում 26 աշակերտների եւ մեծահասակների զոհվելուց հետո զենք կրելու սահմանափակումներ մտցնել, սակայն օրինագիծը Կոնգրեսում չանցավ: Ժամանակին ԱՄՆ գեագույն դատարանը որոշել էր, որ զենք կրելու իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղմամբ, որը թույլ է տալիս «լավ կազմակերպված աշխարհազորի» առկայություն «ազատ պետության անվտանգության» ապահովման նպատակով:
ԱՄՆ պատմության մեջ այս միջադեպը զոհերի թվով 5-րդն է դարձել, իսկ Թեխասի պատմության մեջ սպանությունների թվով ամենազանգվածայինը: Բոլոր 5 զանգվածային միջադեպերը տեղի են ունեցել 2007 թվականից սկսած, դրանցից երեքը՝ վերջին 5 տարում: