Ես բաց եմ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման համար. Թրամփ
Международные новостиՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասիական շրջագայության շրջանակում Ճապոնիա կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ ասելով, որ ինքը «բաց է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման համար»:
Ինչպես նշում է The Guardian-ը, 71-ամյա Թրամփը, սակայն, հավելել է, որ «առայժմ շատ վաղ է դեմառդեմ հանդիպում ունենալու համար»:
«Կարծում եմ, որ այստեղ ուժեղ կամ թույլ լինելու հարց չկա, մարդու հետ նստել, խոսելը վատ բան չէ: Ես միանշանակ բաց եմ Կիմի հետ նստել, խոսելու հարցում, բայց տեսնենք, թե ինչպես կստացվի: Կարծում եմ՝ դեռ մի քիչ վաղ է»,-ասել է Թրամփը լրագրող Շերիլ Էթքիսոնին:
Նախօրեին 71-ամյա ղեկավարը, անուղղակիորեն դիմելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հայտարարել էր, որ «ոչ մի բռնապետ չպետք է թերագնահատի ԱՄՆ-ին»:
«Ո՛չ ոք, ո՛չ մի բռնապետ, ո՛չ մի ռեժիմ չպետք է թերագնահատի Ամերիկայի գործոնը: Անցյալում՝ ամեն անգամ, երբ նրանք թերագնահատել են մեզ, դա նրանց համար վատ ավարտ է ունեցել, այնպես չէ՞: Մենք երբեք չենք զիջի, երբեք չենք տարակուսի և երբեք չենք նահանջի մեր ժողովրդին, մեր ազատությունն ու Ամերիկայի հզոր դրոշը պաշտպանելու հարցում»,- հայտարարել է Թրամփը Տոկիոյի մոտակայքում գտնվող «Յոկոտա» ավիաբազայում ելույթի ժամանակ:
The Guardian-ը հավելում է, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին վերջ դնելու միայն մի միջոց կա՝ ցամաքային ներխուժումը:
Հայտնի է, որ Վաշինգտոնը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացմանը, մինչդեռ Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ դա ԱՄՆ-ի ագեսիայից պաշտպանվելու միակ միջոցն է:
Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել էր ոչնչացնել Հյուսիսային Կորեան: