Եվրոգոտին դուրս է եկել ֆինանսատնտեսական ճգնաժամից. եվրահանձնակատար
ЭкономикаԵվրամիության մաս հանդիսացող եվրոգոտին դուրս է եկել մի քանի տարի շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամից: Այդ մասին հայտարարել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լիովին պարզ է, որ ճգնաժամն արդեն անցյալում է, կա տնտեսական աճ»,- ասել է նա եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
ԵՄ վիճակագրական ծառայության տվյալներով՝ եվրոգոտու բոլոր երկրները, Հունաստանից բացի, տնտեսական աճ են գրանցել 2016 թվականին: 2017 և 2018 թվականներին Եվրահանձնաժողովն արժութային միության բոլոր պետություններում տնտեսական աճ է ակնկալում:
Եվրոգոտում 2010 թվականից ի վեր մի շարք երկրներ ստիպված էին տնտեսությունում և ֆինանսական ոլորտում խնդիրների պատճառով արտաքին ֆինանսական օգնության դիմել, մասնավորապես՝ Հունաստանը, Իռլանդիան, Պորտուգալիան, Իսպանիան, Կիպրոսը: