Ռուս-թուրքական հերթական սադրանքը և թափված արյան գինը
АналитикаԱդրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ֆեյսբուքի իր էջում գրել է, թե իր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին, առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շրջան ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել: Առաջին պայմանն Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին: Երկրորդը` Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Երրորդը` ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը:
Բնական է, որ առանց նախապայմանների եզրույթը վերաբերվում է Հայաստանին։ Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ Հայաստանի կարծիքն այլևս ոչ-ոք չի հարցնում և ոչ մեկին այդ կարծիքն հետաքրքիր չէ։ Որպեզի մեզ չմեղադրեն ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու մեջ, ապա պնդենք, որ այս գրառումն ավելի քան արդարացված է։
Այն, որ Թուրքիան ու Ռուսաստանն են որոշել հայ ժողովրդի ճակատագիրը, պատմությունը տալիս է բազմաթիվ նախադեպեր։ Սկսած 18-րդ դարի առաջին քառորդից, երբ մենք աղերսագրեր էինք գրում Պետրոս Առաջինին, այդ գործոնի ազդեցությունն էապես զգացել ենք։ Իսկ երբ 19-րդ դարի առաջին քառորդում Ռուսաստանն հայտնվեց այս տարածաշրջանում, ամեն ինչ ավելի ակնհայտ դարձավ։ Արդեն երկու դար, մենք գործիք ենք այս երկու պետությունների ձեռքում, մեր քաղաքական կարճամտության պատճառով։
Հիմա կրկնվում է նույնը, ինչ արդեն եղել է Կարսի ու Մոսկվայի կոնֆերանսների ժամանակ։ Առանց մեր կարծիքը հարցնելու, բուն հայկական տարածքները նվիրել են թուրքերին։ Այս անգամ, Ղարաբաղի հարակից տարածքները նվիրելու են ադրբեջանցիներին ու ոչինչ չեն տալու մեզ դրա դիմաց։ Անգամ տարրական կարգավիճակի հարցի մնալու է օդից կախված։ Այս ամենում այդքան մեղավոր չեն Թուրքիան ու Ռուսաստանը, որքան մեղավոր է Հայաստանն իր կարճամիտ քաղաքական ղեկավարներով։ Այդ կարճամիտ ու քյալ հերոսների խառնամբոխի գաղափարական մարմնացումը ժամանակին Վազգեն Սարգսյանն էր, իսկ քաղաքական կարճամտության հետևանքը՝ Սերժ Սարգսյանը։ Մեր սերնդին վիճակված է տեսնելու Ղարաբաղի հարցում չափազանց ցավոտ լուծում։
Մարիա Պախուցկայա