Գերմանիայում բուժեղբայրը սպանել է 106 մարդու՝ նրանց տալով դեղամիջոցի մահացու չափաբաժին
ОбществоԳերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի իրավապահ մարմինները թունաբանական փորձաքննության արդյունքների հիման վրա կասկածում են, որ նախկին բուժեղբայր Նիլս Հյոգելը թունավորել է 106 հիվանդի, ինչը 16-ով ավելի է, քան ենթադրվում էր: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով Օլդենբուրգ քաղաքի ոստիկանական վարչության և դատախազության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Հյոգելը դատապարտվել է 2 հիվանդ սպանելու համար, և 2015 թվականի փետրվարին նա դատապարտվել է ցմահ բանտարկության: Տղամարդու խոսքով՝ ինքը մոտ 90 հիվանդ է սպանել Դելմենհորստ և Օլդենբուրգ քաղաքների վերակենդանացման բաժանմունքներում՝ նրանց տալով դեղամիջոցի մահացու չափաբաժին:
«Այս շաբաթվա սկզբին քննչական մարմինները ստացել են բոլոր թունաբանական փորձաքննությունների արդյունքները: Նրանք բացահայտել են ևս 16 կասկածելի դեպք», - ասվում է փաստաթղթում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, առաջին անգամ Հյոգելի հանցավոր գործողությունները նկատել է նրա գործընկերներից մեկը՝ 2005 թվականին: Այն ժամանակ հիվանդը գոյատևել է ներարկումից հետո, իսկ բուժեղբայրը 7.5 տարով ազատազրկվել է մահափորձ անելու համար: Այս դեպքից հետո իշխանություններն արտաշիրիմել են մի քանի դի և դրանց մեջ հայտնաբերել դեղամիջոցի մնացորդները:
Մարդասպանը խոստովանել է, որ ինքը մահացու ներարկումներ է արել, որպեսզի այնուհետ փորձի վերակենդանացնել հիվանդներին և փրկչի համբավ ձեռք բերի գործընկերների շրջանում: