ESPN. Մխիթարյանն այլեւս գոլեր չի ստեղծում, ընդամենը զբաղեցնում է իր տեղը խաղադաշտում
СпортESPN-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դժգույն խաղին «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ մի քանի հանդիպումներում եւ անգլիական ակումբի երկրպագուների դժգոհությանը հայ ֆուտբոլիստի խաղից:
«Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է սուր քննադատության թիրախում: 5 գոլային փոխանցումներով մրցաշրջանը սկսելուց հետո շատերը սկսեցին քմծիծաղով խոսել Մոուրինյոյի մասին, որը անցած մրցաշրջանի մեկնարկում Մխիթարյանին չէր ընդգրկում կազմում: Սակայն Մխիթարյանի արդյունավետ գործողությունները ուրախացնում էին անցած տարվա քիչ արդյունավետության ֆոնին: Նույնիսկ այն խաղերում, որտեղ Մխիթարյանը գոլային փոխանցում էր կատարում, նրան ինչ-որ բան պակասում էր:
Նախորդ շաբաթների ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ երկրպագուները պահանջեին Ռեշֆորդի կամ Մարտիալի փոխարինումը, իսկ Մխիթարյանի դեպքում, դա հաճախ է տեղի ունենում: Նա հաճախ է լինում աննկատ խաղադաշտում եւ հազվադեպ է նրան գնդակ հասնում: Բայց մի քանի անհաջող խաղերից հետո կարող է աչքի ընկել փայլուն փոխանցումով: Այո, Մխիթարյանի դիրքի խաղացողի համար շատ կարեւոր է խաղի մեջ ակտիվ ներգրավված լինելը, սակայն խաղարկողի խաղի մասին դատում են հանդիպման արդյունքով: Նա կարող է 90 րոպե չփայլել, բայց ապահովել արդյունքը մեկ գործողությամբ:
Այդուհանդերձ, վերջին շրջանում Մխիթարյանն այդ գոլերը չի ստեղծում: Նա ընդամենը զբաղեցնում է իր տեղը խաղադաշտում, եւ դրանից հետո Ջեյմի Կարագերն ասում է, որ «Չելսիի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր 10 ֆուտբոլիստենրով:
Անցյալում են ժամանակները, երբ երկրպագուները Մոուրինյոյին խնդրում էին Մխիթարյանին ընդգրկել մեկնարկային կազմում: Ռեշֆորդն ու Մարտիալը անհաջող խաղից հետո մնում են պահեստայինների նստարանին, իսկ Հենրիխին ինչ-որ կերպ հաջողվում է Մոուրինյոյին համոզել, որ ինքն օգտակար է:
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սիրում են Մխիթարյանի ոճի խաղացողների, որոնք կարող են մեկ շարժումով հրաշք գործել: Երբ Հենրիխը լավ տրամադրություն ունի, գնդակից անբաժան է եւ կարողանում է անմոռանալի պահեր ստեղծել ոչնչից:
Խոսքը Մխիթարյանին տրանսֆերի հանելու մասին չէ: Խնդիրն այն է, որ մի քանի ամիս հետո նա կդառնա 29 տարեկան: Այնպես որ, «կամ հիմա, կամ երբեք»: Հայ ֆուտբոլիստը պետք է փայլի այս մրցաշրջանում, այլապես նրա տեղը կգա ավելի կայուն խաղ ցուցադրող կիսապաշտպան»,- ամփոփում է ESPN-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 16 հանդիպումներում դարձել է 2 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: