Երևանում անցկացվեց «CUSTOMIZED ICT» հայ-կորեական սեմինարը
ЭкономикаՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Հարավային Կորեայի տեղեկատվության ազգային գործակալության աջակցությամբ նոյեմբերի 10-ին Երևանում անցկացրեց «CUSTOMIZED ICT» խորագրով սեմինար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ու Կորեայի տեղեկատվության ազգային գործակալության փոխտնօրեն Հունգ Ջին Քվոն:
Բորիս Դեմիրխանյանն ընդգծեց տնտեսության թվայնացման կարևորությունը պետություն-քաղաքացի փոխհարաբերություններում` նշելով, որ թվայնացման գործընթացը ներառում է 3 հիմնական ուղղություն:
«Անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կառավարման գործընթացների մոնիտորինգ և ներդնել ՏՏ գործիքներ այդ գործընթացներում, ապահովել կապի հասանելիություն` քաղաքային և գյուղական համայնքներում հավասարապես, ու հոգալ կիբերանվտանգության և անձնական տվյալների պահպանման խնդիրները: Մարդիկ չեն օգտագործի որևէ ՏՏ լուծում, եթե համոզված չլինեն, որ պաշտպանված են արտաքին միջամտություններից»,- ասաց նախարարի տեղակալը:
Հայաստանը հեռահաղորդակցական տեխնոլոգիաների տարածվածության և կապի հասանելիության առումով բավական լավ դիրքերում է, ընդգծեց նա, սակայն այստեղ ևս անելիք կա` հատկապես գյուղական համայնքներում ֆիքսված կապի որակի բարձրացման առումով: «Այս ոլորտում հետաքրքիր է Կորեայի փորձը, քանի որ նրանք գտել են այն մոդելը, որով հնարավոր է օպերատորին շահագրգռել նոր տեխնոլոգիաներ ներդնել նաև փոքր` քիչ բաժանորդներ ունեցող համայնքներում»,- մանրամասնեց նախարարի տեղակալը:
Բորիս Դեմիրխանյանը նաև նշեց, որ Կորեան իր տնտեսության թվայնացման գործընթացը սկսել է 10 տարի ավելի վաղ, քան Հայաստանը, միջազգային հաջողված փորձ ունի: Կորեայի թվայնացման մոդելից որոշակի բաղադրիչ վերցրել, ձևափոխել և օգտագործել է անգամ Սինգապուրը, որն այսօր աշխարհի ամենակատարելագործված թվային տնտեսությունն ունի:
«Սեմինարի նպատակը խորհրդատվական է, մեզ հետաքրքիր է Կորեայի փորձը: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք նույն մոդելը վերցնել և ներդնել Հայաստանում: Պարզապես մենք ձգտում ենք ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և փոխառել դրանից լավագույնը, որը կիրառելի կլինի Հայաստանի համար», -հավելեց Բորիս Դեմիրխանյանը:
Կորեայի տեղեկատվության ազգային գործակալության ներկայացուցիչն էլ իր հերթին փաստեց, որ իրենց փորձը ՏՀՏ և էլեկտրոնային կառավարման ոլորտներում բավական մեծ է, և իրենք էլ պատրաստակամ են կիսվել այդ փորձով հայ մասնագետների հետ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացումներով ու զեկույցներով հանդես եկան հայ և կորեացի մասնագետները` ներկայացնելով երկու երկրների լայնաշերտ և թվային ցանցը, կիբերանվտանգությանը վերաբերող ռազմավարությունները, հարց ու պատասխանի ձևաչափով քննարկումներ եղան նաև այս թեմաներով: