Վրաստանի վարչապետը հայտարարել է չորս նախարարությունների կրճատման մասին
Международные новостиՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կառավարությունում նախատեսված կառուցվածքային և կադրային փոփոխությունները, հայտնում է Новости Грузия-ն: Մասնավորապես վարչապետը հայտնել է նախարարությունների թիվը 18-ից 14-ի կրճատելու մասին:
Կվիրիկաշվիլին նշել է, որ փոփոխությունները նպատակամղված են բնակչության բարեկեցության աճին, երկրի արագ զարգացմանը, ավելի ճկուն և արդյունավետ պետական ապարատ ստեղծելուն:
Փոփոխությունների համաձայն՝ կրճատվելու են էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները, ինչպես նաև եվրաինտեգրման հարցերով պետնախարարի գրասենյակը:
Էներգետիկայի նախարարությունը մասնավորապես միանալու է էկոնոմիկայի նախարարությանը, նախարարությանն է նաև հանձնվելու բնական պաշարներին առնչվող շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության բաղադրիչը: Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը միանալու է մշակույթի նախարարությանը, նախարարության գործառույթների մի մասը փոխանցվելու է կրթության նախարարությանը: Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը միավորվելու է գյուղատնտեսության նախարարության հետ:
Եվրաինտեգրման հարցերով պետնախարարի գրասենյակն այլևս չի լինելու առանձին կառույց, այլ միանալու է արտգործնախարարությանը:
Նշվում է, որ էկոնոմիկայի գործող նախարար Գեորգի Գախարիան նշանակվում է ներքին գործերի նախարար և ստանում է փոխվարչապետի կարգավիճակ:
Հաղորդվում է նաև, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը միանալու է արտաքին հետախուզության ծառայությունը:
Կառավարության նոր կազմը հաստատելու համար անհրաժեշտ է լինելու խորհդրարանի հաստատումը: