Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանում մեր ունեցածի մեջ լավագույնն Արսեն Բեգլարյանն է
СпортՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Կիպրոսի նկատմամբ տոնած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
«Ընդհանուր առմամբ խաղը լավ ստացվեց, չնայած երկու գոլ բաց թողեցինք՝ երկուսն էլ ստանդարտից»:
- Թիմն այսօր, ինչպես և նախորդ խաղում, ստանդարտներից շատ գոլ խփեց: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:
- Շատ ենք աշխատում ստանդարտ իրավիճակների վրա՝ թե՛ տուգանայինների, թե՛ անկյունայինների: Կարծում եմ՝ տղաներն ավելի լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում, դրա համար էլ ստացվում է:
- Պարոն Պետրոսյան, եթե ամփոփեք այս երկու ընկերական խաղերը և Ձեր փորձարկումները նորեկների տեսքով: Ի՞նչ կարծիք կամ գնահատական կտաք:
- Խաղային առումով շատ լավ պահեր ունեինք, կոմբինացիոն խաղը ստացվում էր՝ մեկ-երկու հպումով, շատ արագ տեղաշարժերով: Կիպրոսի դեմ խաղին պահերը մի փոքր շատ էին. բայց կարելի է ասել՝ ճիշտ ճանապարհի վրա ենք: Նորեկներն արդարացրին իրենց այս պահի դրությամբ:
- Այսօր ևս երկրորդ կեսում անցաք 5 պաշտպանով խաղին: Դա մրցակցո՞վ էր պայմանավորված:
- Հուսով եմ խաղեր կլինեն, որ մեկ գնդակի առավելությամբ հաղթելիս կլինենք: 5 պաշտպանով սխեման պետք է փորձարկվեր, որպեսզի տեսնեինք՝ այդպիսի խաղերում պաշտպանությունն ուժեղացնելով կարող ենք պահել հաշիվը: Ու, ըստ իս, երկու խաղերում էլ լավ ստացվեց:
- Ի՞նչն էր պատճառը, որ դարպասապահի փորձարկում չտեսանք այս երկու խաղերում:
- Մարզվելու ժամանակ ունենք: Արման Մելիքսեթյանն առաջին անգամ էր հրավիրվել, իսկ Գոռ Մանուկյանը էլի էր հրավիրվել, սակայն մարզումների ժամանակ նրանք ինձ չհամոզեցին, որ կարող են այսպիսի խաղում կարող են մեկնարկային կազմում լինել: Ավելի շատ՝ հոգեբանական առումով:
- Հայաստանի առաջնությունում կա՞ ֆուտբոլիստ, ով կարող է մրցակցություն կազմել Բեգլարյանի հետ:
- Արսենը երկուխաղերում էլ շատ վստահ գործեց, միակ դրվագը երբ սխալվեց երկրորդ գոլի ժամանակ էր: Իմ կարծիքով՝ Հայաստանում մեր ունեցածի մեջ համար առաջինն Արսեն Բեգլարյանն է, բայց դա չի նշանակում, որ նա իր տեղն ապահովել է, պետք է շատ աշխատի, որպեսզի ամրապնդի տեղը հիմնական կազմում:
- Նախորդ խաղում երկրպագուները լռության ակցիա էին սկսել, այսօր ևս շարունակվեց, բացառությամբ վերջնամասի: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:
- Շատ վատ: Ասեմ ինչու. Դժվար պահեր էլ են լինում: Եթե դու երկրպագում ես քո հավաքականին, պետք է լավ ու վատ պահերին նրա կողքին լինես: Լռությունը լռություն, բայց նախորդ խաղին նրանք սուլում էին մեր ֆուտբոլիստներին, որին նրանք արժանի չեն: Սա ակումբ չէ, Ազգային հավաքական է: