ՊԵԿ-ի արձագանքն առևտրականներին. բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացվում են օրենքով վերապահված լիազորություններ
ЭкономикаՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքվaած առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ:
«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»,- ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ազգային ժողովում քառօրյայի մեկնարկին առևտրականների հարցը բարձրացրել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք 1000 մարդու ստորագրությամբ գրություն են ստացել տարբեր տոնավաճառների առևտրականներից, որոնք բողոքում են հարկային մարմինների աշխատանքից:
«Ես այս հարցով դիմել եմ վարչապետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահից ստացել եմ գրություն հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության վերաբերյալ, սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրները չեն կարգավորվում»,-ասել է նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ևս անդրադարձել է հարցին ու նշել, որ ինքը ևս հանդիպել է հարկային մարմինների բողոքող առևտրականների հետ, ովքեր երկու շաբաթ առաջ հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Լսել է նրանց խնդիրներն ու փոխանցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: «Դրանից հետո պարոն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է բոլոր հարցերին, որ հնչեցրել էին մանր բիզնեսով զբաղվող առևտրականները: Ես կարծում եմ, որ եթե կա խնդիր, մենք պետք է քննարկենք այն: Դա իսկապես խնդիր է, սակայն ուռճացված, շոու դարձրած որևէ խնդրի քննարկումն անիմաստ է: Եթե կա խնդիր, պիտի քննարկենք, բայց շոու դարձնելն անթույլատրելի է»,- հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը: