Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը
КультураՀայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Նկարիչների աշխատանքներն արվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Մտահղացումն ու իրագործումը ՀՀ բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի նկարիչների միությանն էր: Ներկայացվել են շուրջ 80 աշխատանքներ, որոնք «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելությունների արդյունքն են և պատկերում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրաշագեղ բնությունն ու, միաժամանակ, անդրադառնում այս տարվա օգոստոսին արգելոցում բռնկված սաստիկ հրդեհից տուժած տարածքներին:
Հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ցուցահանդեսի համակարգող Սևադա Սարգսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Կարեն Աղամյանը հրաշալի նախաձեռնության իրականացման համար իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանության նախարարությանը, նշել էկոմշակույթի ձևավորման գործում նման միջոցառումների կարևորությունը: Արծրուն Պեպանյանը նշել է, որ ցուցադրությունը միտված է կարևոր մի գործի, որը կոչվում է ազգային վերափոխում և որի նպատակն է ունենալ այլ որակի քաղաքացի, այլ որակի պետություն։
«Մենք բոլորս այսօր ներկա ենք կարևոր, անկյունաքարային միջոցառման, և թող մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ գիտակցի, որ ինքը մասնակից է ազգային մեծ գործի ու իր ներդրումն է բերում այդ մեծ գործին։
Մենք այլընտրանք չունենք, մենք պիտի ձևավորենք բնություն պաշտող, մարդ սիրող, պետության արժեքն իմացող քաղաքացի, և կանենք դա միասին»,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարի խորհրդականը:
Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 20-ը»: