Մարտիրոս Սարյանի կտավների ցուցադրությամբ Ռուսաստանում կմեկնարկեն Հայաստանի մշակութային օրերը
КультураՀայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում, Ռուսաստանի այլ քաղաքներում, ՌԴ մարզերում:
Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրի տարածքում խաչքարերի ցուցահանդես կբացվի, այնուհետև կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Հայաստանի մշակույթի նախարարությունը ժամանակակից խաչքար կնվիրի եկեղեցուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրվելու են այն գործերը, որոնք ներկայացված են Ռուսաստանի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:
Նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կկայանա համերգային ծրագիր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանի, Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ: Համերգը կղեկավարեն չորս դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը և Վլադիմիր Սպիվակովը:
Նոյեմբերի 22-ին Նկարիչների կենտրոնական տանը տեղի կունենա «Հայաստանի տարրերը» համալիր միջոցառում: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, արծաթագործությունը, տարազները, կհնչեն դուդուկ և ջազ երաժշտություն:
Միջոցառումների փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում: Եզրափակիչ համերգային ծրագրում հանդես կգան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Մշակութային օրերի շրջանակում Ռուսաստանում հյուրախաղերով հանդես կգան Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը: