Կձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք նրանք չեն էլ պատկերացնում. Իրաքի վարչապետը Քրդստանի՝ սահմանային անցակետերը Բաղդադին չհանձնելու մասին
Международные новостиԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանը դեռևս ամբողջովին չի կատարել սահմանային անցակետերը կենտրոնական իշխանությանը հանձնելու հետ կապված իրենց պահանջը, գրում է demokrathaber.org կայքը:
Աբադին նշել է, որ Բաղդադը չի կարող հավերժ սպասել և որ պայմանի չկատարման դեպքում՝ Իրաքը կտրուկ քայլերի կդիմի:
«Կձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք նրանք չեն էլ պատկերացնում», - ասել է Աբադին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
Իրաքի իշխանությունները պահանջել էին Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից Բաղդադի վերահսկողությանը հանձնել սահմանային բոլոր անցակետերն ու օդանավակայանների տարածքները, ինչպես նաև դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի տարածքից նավթի արտահանումն ու վաճառքը:
Նախօրեին Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարությունը հայտարարել է, որ կհարգի նոյեմբերի 6-ին Գերագույն դաշնային դատարանի ընդունած որոշումը, որով հայտարարվել է, որ ոչ մի իրաքյան շրջան չի կարող անջատվել: